Advertisement
PatrZDZ

Fiktivnaya Armenia - Public Radio of Armenia

Nov 12th, 2020
106
0
Never
Not a member of Pastebin yet? Sign Up, it unlocks many cool features!
text 20.71 KB | None | 0 0
  1. Հայաստանի հանրաին ռադիո, հայկական հանրային ռադիոկայան: Հեռարձակվում է 1926 թվականի սեպտեմբերի 1-ից: Հանրային ռադիոյի հեռարձակումներն իրականացվում են ՀՀ ողջ տարածքով տարբեր հաճախություններով․ Երևանում՝ 107․7, 86․9 ՄՀց, Գյումրի՝ 101.6 ՄՀց, Սևան՝ 102.3 ՄՀց, Սպիտակ՝ 89.8 ՄՀց, Իջևան՝ 105.5 ՄՀց։
  2.  
  3. Հանրապետական նշանակության առաջին ռադիոկայանը տեղակայվել է երկթուղային կայարանի վարչական շենքում և 1926 թվականի սեպտեմբեր 1-ին հեռարձակել է 25 ր տևողությամբ առաջին փորձնական ռադիոհաղորդումը։ Փորձնական հաղորդումների ժամանակ հիմնականում հաղորդվել է ժողովրդական երգ-երաժշտություն, որը պարբերաբար ընդմիջվել է տեղական նշանակության լուրերով։ Հիմնադրման առաջին ամիսներին ռադիոհաղորդումներն անկանոն բնույթ են կրել։
  4.  
  5. Հայաստանի հանրապետական ռադիոյի պարբերական հաղորդումներն սկսվել են 1927 թվականի հունիսի 15-ին։ Հիմնադրման առաջին տարիներին ռադիոկայանի հեռարձակման շառավիղն ընդգրկել է միայն Երևանն ու շրջակա գյուղերը։ Հանրապետությունում գործող ռադիոսիրողների ջանքերով 1927 թվականին ռադիոֆիկացվել է 25 գյուղ, հաջորդ տարին՝ ևս 40-ը, ռադիոընդունիչների թիվը հասել է 200-ի, որից 80-ը՝ Երևանում։ 1928 թվականին ռադիոհաղորդումների լսելիության շառավիղն ընդլայնելու և մասնագիտական կադրեր պատրաստելու նպատակով ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ հաղորդումների ղեկավարումը հանձնվել է լուսժողկոմատին, իսկ տեխնիկական սպասարկումը՝ փոստհեռ ժողկոմատին։
  6.  
  7. Ունկնդիրների շրջանակի մեծացմանը նպաստել է պետական թատրոնի, կոնսերվատորիայի, մշակույթի տների ռադիոֆիկացումը, հասարակական վայրերում տեղադրվել են բարձրախոսներ, մշակույթի օջախներում ստեղծվել են «կարմիր անկյուններ», որտեղ բնակչությունը հավաքվել է ունկնդրելու հանրապետական ռադիոյի հաղորդումները։ Ռադիոյում սկզբնական շրջանում հաղորդավարներ չեն եղել, ռադիոխոսնակի պարտականությունները կատարել են ռադիոյի աշխատակիցները կամ հաղորդվող նյութերի հեղինակները։
  8.  
  9. 1929 թվականից ռադիոհաղորդումները վարել են հաղորդավարները, առաջին հաղորդավարները Վերգինե Բաբայանը և Սուրեն Քանանյանն էին։ 1929 թվականի վերջերին հիմնադրվել է հանրապետական ռադիոկոմիտեն, որն ունեցել է 12 աշխատակից և տարեկան պատրաստել է 2160 եթերաժամ հաղորդում։ 1930-ական թվականներին զգալիորեն ընդարձակվել է հանրապետական ռադիոլսարանը, հաղորդումներ պատրաստելու համար ռադիոաշխատակիցներն օգտագործել են ռադիոյի ստեղծագործ, և տեխնիկական հնարավորությունները։
  10.  
  11. 1934 թվականին ստեղծվել է ռադիոհաղորդումների հանրապետական վարչությունը։ Հաղորդումները դարձել են 6-օրյա՝ 8-ական ժամ տևողությամբ։ 1935 թվականին գործել են 41 ռադիոհանգույց և 19100 ռադիոկետ, որից 4295-ը՝ գյուղական վայրերում։ Հանրապետական ռադիոյում պարբերակաևացել է ռադիոփոխկանչերի, ռադիոհավաքների հեռարձակումը։ Հիմնադրվել են հանրապետական ռադիոյի հասարակական-քաղաքական, արդյունաբերական, գյուղատնտեսական, երաժշտական, գրական-դրամատիկական, մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրությունները, ձևավորվել են առաջին ռադիոժանրերը, ռադիոյի արտահայտչամիջոցները, հաղորդումների և ծրագրերի տեսակները։
  12.  
  13. Հանրապետական ռադիոկոմիտեն 1935-1936 թվականներին լույս է ընծայել մասնագիտական «Ռադիոաշխատող» և «Ռադիոֆրոնտ» ամսագրերը։ 1920-1930-ական թվականներին ստեղծված ռադիոհաղորդումների մի շարք երաժշտական խորագրեր («Հայ քնար», «Հայկական ժողովրդական երգերի ընտրանի», «Պատվերով համերգ» և այլն) այժմ էլ իրենց մշտական տեղն ունեն ռադիոծրագրերի ցանցում։
  14.  
  15. Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին հանրապետական ռադիոն ապահովել է մշտական և հրատապ լրատվություն, ռազմաճակատի և թիկունքի կացության մասին պատրաստել ու հեռարձակել է բազմահազար հաղորդագրություններ, թղթակցություններ, ակնարկներ, հարցազրույցներ, ռեպորտաժներ, նամակներ։ Արտակարգ իրավիճակի պայմաններում ռադիոհաղորդումները դարձել են ամենօրյա՝ 6, 5-7 ժ տևողությամբ, բոլոր խմբագրությունները համախմբվել են հասարակական-քաղաքական խմբագրության շուրջ՝ պատրաստելու համար «Վերջին լուրերի» թողարկումները։ Գրական-դրամատիկական, հասարակական-քաղաքական, մանկապատանեկան հաղորդումների խմբագրությունները պարբերաբար հեռարձակել են հայ մարտիկների՝ ռազմաճակատից ուղարկած նամակների և ուղերձների հիման վրա պատրաստված «Նամակ ռազմաճակատից» խորագրով ամենօրյա թողարկումը։
  16.  
  17. Հետպատերազմական շրջանում հանրապետական ռադիոյում բացվել են մի շարք նոր խմբագրություններ, ընդարձակվել է ռադիոհաղորդումների հեռարձակման շառավիղը, 1947 թվականից գործել է տեղեկատվական, երաժշտական 2-րդ ծրագիրը, որի շնորհիվ ստեղծվել են նոր հաղորդաշարեր և ծրագրեր, ավելացել է ռադիոհաղորդումների ժամաքանակը, ընդլայնվել լսարանը։ 1949 թվականին ռադիոկոմիտեն վերակազմվել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ռադիոտեղեկատվական կոմիտեի։
  18.  
  19. Կարևոր էր Սփյուռքի համար տրվող հաղորդումների խմբագրության հիմնադրումը՝ պայմանավորված Երկրորդ աշխարհամարտից (1939-1945) հետո ծայր առած զանգվածային հայրենադարձությամբ. անդրանիկ թողարկումը հեռարձակվել է 1947 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 19։00-ին՝ կարճալիք հատուկ ծրագրով, սփյուռքահայերին շնորհավորել են Ավետիք Իսահակյանը և Վահրամ Փափազյանը։ 1957 թվականին ստեղծվել է արտասահմանի համար հեռարձակվող հաղորդումների վարչություն, որի հիմքի վրա 1983 թվականին բացվել են 2 գլխավոր խմբագրություններ՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ապրող հայության համար հաղորդումներ պատրաստող խմբագրությունը՝ հասարակա-քաղաքական, գրական-գեղարվեստական ու երիտասարդական («Կռունկ») բաժիններով, և Եվրոպայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի հայության համար, ինչպես նաև օտար լեզուներով տրվող հաղորդումների խմբագրությունը։ Ռադիոհաղորդումների օրական միջին տևողությունը 1983 թվականին 6, 5 ժ էր, իսկ 1987 թվականին՝ 8, 5 ժ։
  20.  
  21. 1993 թվականին հիշյալ խմբագրությունները միավորվել են «Արաքս» ռադիոգործակալության մեջ (հետագայում՝ «Հայաստանի ձայն», գործել է մինչև 2002 թվականը)։ 1950-ական թվականների կեսերից սկսված «հալոցքի» շրջանը նպաստավոր էր նաև հայկական ռադիոյի համար։ Հանրապետական ռադիոյում ստեղծվել են նոր, միջազգային նշանակության հաղորդաշարեր ու ծրագրեր.
  22.  
  23. 1950-ական թվականների կեսերից սկսել է գործել «Բարեկամություն» ռադիոկայանը, 1960 թվականին՝ գրական-դրամատիկական և երաժշտական 3-րդ ծրագիրը, 1962 թվականին երիտասարդական հաղորդումների խմբագրության հիման վրա ստեղծվել է «Երիտասարդություն» ռադիոկայանը, որը թեմատիկայի հարստությամբ և ժանրային բազմազանությամբ նորություն էր ռադիոեթերում։
  24.  
  25. 1957 թվականին շահագործման է հանձնվել ռադիոտան նոր շենքը, 1962 թվականին հանրապետության բոլոր բնակավայրերը լիովին ռադիոֆիկացվել են, 1965 թվականին հիմնադրվել է ֆոնդային ձայնագրությունների խմբագրությունը՝ հեղինակային կատարումների և ռադիոբեմադրությունների ձայնագրությունների համար։ Ներկայումս ռադիոյի «Ոսկե ֆոնդում» պահպանվում են ավելի քան 150 հազար ժ տևողությամբ 20 հազար հեղինակային, երաժշտական կատարումներ և գրական-գեղարվեստական հաղորդումներ, ասմունք, ռադիոբեմականացումներ։ «Գրական ընթերցումներ» հաղորդաշարի ավագ սերնդի՝ Հայկուհի Գարագաշի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Բաբկեն Ներսիսյանի, Հրաչուհի Ջինանյանի և մյուսների կողքին հետագայում ձևավորվել է ասմունքողների նոր սերունդ՝ Խորեն Աբրահամյան, Մետաքսյա Սիմոնյան, էդգար էլբակյան, Գարուշ Խաժակյան, Թամար Դեմուրյան, Մարատ Հալաջյան, Սոս Սարգսյան, Վլադիմիր Աբաջյան, Վերա Հակոբյան, Սիլվա Յուզբաշյան, Սվետլանա Խանումյան, Սարգիս Նաջարյան, Կարեն Վարդանյան և ուրիշներ։
  26.  
  27. Հանրապետական հեռուստատեսության կազմավորման սկզբնական շրջանում ռադիոն աստիճանաբար նահանջել է վերլուծական և զվարճալի հաղորդումների դաշտից։ 1957 թվականի օգոստոսին ռադիոկոմիտեն վերանվանվել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի (1978 թվականից՝ ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե. 1970-1988 թվականներին հեռուստառադիոպետկոմի նախագահը եղել է Ստեփան Պողոսյանը), որին հաջորդել է հեռուստատեսության և ռադիոյի նույնատիպ խմբագրությունների միավորումը՝ նախապատվությունը տալով հեռուստահաղորդումների խմբագրություններին։ Արդյունքում մեծ վերելք է ապրել հանրապետական հեռուստատեսությունը, նախկին ռադիոլրագրողների ջանքերով ստեղծվել են բազմաթիվ հաղորդաշարեր ու ծրագրեր, կայունացել է հեռուստատեսության ստեղծագործական աշխատակազմը։ 1970-ական թվականների կեսերին ռադիոն նորից վերագտել է իր տեղը ԶԼՄ-ների համակարգում՝ փոխհամագործակցելով ու լրացնելով հեռուստատեսությանը։
  28.  
  29. 1970-ական թվականների վերջին այն ընդարձակել է իր հեռարձակման շառավիղը, մեծապես ավելացել է նաև ռադիոունկնդիրների թիվը։ Հայկական ռադիոյում կարևոր իրադարձություն էր 2-րդ ծրագրի հիման վրա 1973 թվականին «Ծիածան» ռադիոկայանի բացումը՝ «երաժշտություն + լրատվություն» ձևաչափով, որը նորություն էր ԽՍՀՄ-ում։ 1977 թվականին «Օրբիտա-2» տիեզերական կապի կայանի և հեռուստատեսային նոր աշտարակի գործարկումներով բարելավվել է հանրապետական ռադիոհաղորդումների լսելիությունը։ 1981 թվականին շահագործման է հանձնվել ռադիոհաղորդումների մասնաշենքը։ Հանրապետական լարային ռադիոհաղորդման ցանցը 1987 թվականին ուներ 59 ռադիոհանգույց։
  30.  
  31. 1985 թվականին ԽՍՀՄ-ում հայտարարված «վերակառուցման» ժամանակաշրջանում հասարակության մեջ սկսվել են լուրջ տեղաշարժեր, աստիճանական անցում է կատարվել միակարծությունից՝ բազմակարծության, ամբողջատիրությունից՝ ժողովրդավարության, որն էլ, ի վերջո, հանգեցրել է ԶԼՄ-ների գործունեության կտրուկ և արմատական փոփոխությունների։ Հանրապետական ռադիոյի այս ժամանակահատվածն արմատապես տարբերվել է նախորդ շրջաններից. 1988 թվականի հունվար-փետրվարին ԼՂ-ում սկսված ագգային-ազատագրական շարժումից և տարեվերջին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հանրապետության լրատվամիջոցներն աշխատել են արտակարգ իրավիճակի պայմաններում։
  32.  
  33. Երկրաշարժի օրերին ռադիոյում հիմնադրվել է «Որոնում» հրատապ ծառայությունը, որի շնորհիվ շուրջ 17 հազար աղետյալներ միմյանց գտել են։ Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից կենտրոնական ԶԼՄ-ները միտումնավոր չեն լուսաբանել այն որպես արցախահայության ազգային-ազատագրական պայքար կամ խեղաթյուրված տեղեկություններ են հաղորդել ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին։ Ստեղծված պայմաններում ազատագրական պայքարի ճշմարտացի մեկնաբանությունն ապահովել են հանրապետական ԶԼՄ-ները, այդ թվում՝ ռադիոն։ Այդ տարիների հանրապետական ռադիոլրատվությունից առանձնապես ուշագրավ էր 1992 թվականի մայիսի 9-ին Հայաստանի և Արցախի ռադիոլրագրողների պատրաստած գիշերային հաղորդումը ազատագրված Շուշիից։
  34.  
  35. Հանրապետական ռադիոն իր հաղորդումներում մշտապես անդրադարձել է Արցախյան ազատամարտին, հեռարձակել է ռեպորտաժներ, ազատամարտիկների մասին պատմող բազմաթիվ ակնարկներ, արձանագրել է ԼՂՀ ՊԲ-ի և կամավոր, ջոկատների հաղթանակները, հետևողականորեն ներկայացրել ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման ժամանակագրական դեպքերը։ Արցախյան ազատամարտի լուսաբանմանը մասնակցել են տասնյակ լրագրողներ 13 երկրից. իրենց մասնագիտական պարտքը կատարելիս ԼՂ-ում զոհվել է տարբեր ազգությունների 6 լրագրող, 14-ը՝ վիրավորվել։ Մինչև 1991 թվականը հանրապետական ռադիոն լրատվական դաշտում մենաշնորհային կարգավիճակ ուներ, հաղորդումներ էր սփռում հանրապետության ողջ տարածքում, ամենօրյա ռադիոհաղորդումներ էր պատրաստում սփյուռքահայության և օտարերկրյա քաղաքացիների համար։ Անկախության հռչակումից (1991) հետո ՀՀ ԶԼՄ-ները, այդ թվում՝ ռադիոն, ենթարկվել են արմատական և կառուցվածքային փոփոխությունների։ Հանրապետական ռադիոն վերակառուցվել է Ագգային ռադիոյի (նախագահ՝ Հենրիկ Հովհաննիսյան), 1992 թվականին Հեռուստառադիոպետկոմը վերածվել է Հեռուստառադիովարչության։
  36.  
  37. Ներկայումս ՀՀՌ-ն իրականացնում է 11 լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, ասորերեն, հունարեն, եզդերեն, արաբերեն, պարսկերեն), օրական 50 ժ տևողությամբ հաղորդումներ՝ համաշխարհային սփռումով։ Միակ պետական ռադիոն է, որ ունի քրդական հաղորդում։ Ունի նաև միջազգային համացանցային էջ՝ 8 լեզվով։ Հանրային ռադիոյի կառույցում գործում են մի շարք ինքնուրույն ստեղծագործական խմբեր՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր (հիմնադրվել է՝ 1927 թվական), «Արևիկ» մանկապատանեկան (հիմնադրվել է՝ 1981 թվական), «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր (հիմնադրվել է՝ 1992 թվականին) անսամբլները, էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (հիմնադրվել է՝ 1966 թվական)։
  38.  
  39. 2005 թվականին ՀՀՌ-ն դարձել է Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, ձեռք բերել այդ միության բոլոր նախագծերը հեռարձակելու իրավունք։ 2007 թվականին առաջին անգամ՝ «Արևիկ» մանկական երգչախմբով, մասնակցել և հեռարձակել է «Եվրատեսիլ» մրցույթը, 2008 թվականից իրականացնում է թվային և անալոգային հաղորդումներ։
Advertisement
Add Comment
Please, Sign In to add comment
Advertisement